Աշնանային առաջին խաղի ամփոփում

 


Ինչպես և կանխատեսվում էր, ինտելեկտուալ խաղերի աշնանային մրցաշարի մեկնարկն ավելին քան տպավորիչ էր։ Այս անգամ մասնակցության հայտ էր ներկայացրել միանգամից 11 թիմ, և մի պահ տպավորություն էր, թե նույնիսկ Մարմարյա սրահն է փոքր։

Բավականին գովելի էր թիմային ինտելեկտուալ խաղերի շրջանակում տեսնել նոր դեմքերի՝ հատկապես 10-րդ դասարանցիների, և չափազանց հաճելի էր խաղի ընթացքում հարցերի մեջ խորասուզվող սովորողների դեմքերին տեսնել ամենատարբեր հույզեր ու էմոցիաներ։

Խաղը բաղկացած էր երկու փուլից․ նախ հնչեց 12 հարց՝ «Ի՞նչ, որտե՞ղ, երբ՞» խաղային ձևաչափով, ապա՝ 5 փաստաշար (յուրաքանչյուրը 5 հուշումով)։ Ինչպես և սպասվում էր, հիմնական պայքարն ընթացավ ինտելեկտուալ խաղերի մոտ 3 տարվա փորձ ունեցող թիմերի միջև։

Առաջին փուլում «Փիղ» և «Բազեներ» թիմերը դրսևորեցին համառ պայքար՝ 12 հարցից ճիշտ պատասխանելով համապատասխանաբար 9-ին և 8-ին։ Սակայն փաստաշարերի փուլում ավելի հաջողակ գտնվեցին «Բազեները»՝ ճանաչվելով առաջին խաղի հաղթող։

10-րդ դասարանցիներից կազմված «Նովա» թիմը փայլուն մասնակցություն ունեցավ փաստաշարերի փուլում․ 25 հնարավորից վաստակելով 23 միավոր՝ հաղթեց այդ փուլում, ինչը, անհատական բարձր արդյունքից զատ, ապահովեց պատվավոր 3-րդ տեղը ընդհանուր հաշվարկում։

Այսպիսով, առաջին խաղում միավորներ վաստակած թիմերի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․

Թիմ

Հորիզոնական

Միավոր

Բազեներ

1

3

Փիղ

2

2

Նովա

3

1

Հիշեցում․ Հաջորդ խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին, Մարմարյա սրահում։

Comments